Գաղութատիրական հավակնություններ ցուցաբերող Ռուսաստանում այսօր գտնվում են մտավորականներ՝ բանաստեղծներ, թարգմանիչներ, հրատարակիչներ, խմբագիրներ, այլք, որոնք անվարան իրենց զորակցությունն են հայտնում հանուն եվրաինտեգրման ու եվրոպական արժեքների պայքարող ուկրաինացի ժողովրդին և իրենց գործընկերներին: Լայնախոհ, առաջադեմ հայացքների տեր այդ քաղաքացիները միջազգային հանրությանն ուզում են ցույց տալ, որ կա նաև մի ուրիշ Ռուսաստան: Կա մի Ռուսաստան, որն իր հարուստ մշակութային ժառանգության կրողն է, պատրաստ է պայքարել հանուն մարդու իրավունքների: Հայաստանում առայժմ սեփական երկրի ինքնիշխանության համար պայքարի են դուրս եկել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Մշակութաբան, թատերագետ Արա Նեդոլյանը կարծում է, որ «մտավորականություն» ասելով մենք առաջին հերթին հասկանում ենք սովետական, մերձսովետական, իշխանական մտավորականությանը, որը սպասարկում է իշխող էլիտային: «Այսօրվա մտավորականությունը հենց քաղաքացիական ակտիվիստներն են»,- ասաց մշակութաբանը: Նրանք, ըստ Արա Նեդոլյանի, ինքնաբուխ, ինքնիշխան մտավորականության շերտն են կազմում, որոնք գիտակցում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության արժեքը: Այդ մարդիկ էլ, Արա Նեդոլյանի կարծիքով, ձևավորում են հասարակական միտքը, ենթարկվում հարձակումների: Իրական մտավորականներին, մեր զրուցակցի կարծիքով, չպետք է փնտրել ստեղծագործական միություններում:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ